Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից նշանակւած Ս. Ամենափրկչեան վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի հիմնադրման 110-ամեակի յոբելեանական յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ, ուրբաթ` մայիսի 13-ի երեկոյեան ժամը 6-ին, վանքի շրջափակում` յոբելեար գրադարանի մուտքի առջեւ, տեղի ունեցաւ մայեստրօ-դաշնակահար Համիկ Ալեքսանդրեանի երկրորդ դաշնամուրային երաժշտութիւնների հաւաքածոյի` «Ծաղիկների շշունջը» ձայնասկաւառակի շնորհանդէսը:

Կազմակերպիչ յանձնախմբի ծրագրաւորման համաձայն` միջոցառումը պէտք է իրականացւէր հենց գրադարանի շէնքում, սակայն ծրագրի մեկնարկից մի քանի ժամ առաջ տեղեկանալով, որ մեծ թւով արւեստասէր անհատներ ցանկութիւն են յայտնել ներկայ գտնւելու շնորհանդէսին, որոշւեց ծրագիրը կազմակերպել գրադարանի մուտքի առջեւ` բացօթեայ շրջափակում:

Երեկոյին ներկայ էին` Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, ազգային մարմինների, հայոց դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչներ, Համիկ Ալեքսանդրեանի հարազատներն ու աշակերտները եւ հայ ու պարսիկ արւեստասէր հայրենակիցներ:

Միջոցառման բացումը կատարւեց տաղանդաւոր դաշնակահարի միջոցով` ձայնասկաւառակին համանուն համարի` «Ծաղիկների շշունջը» երաժշտութեան կատարմամբ, ապա 110-ամեակի յոբելեանական յանձնախմբի անունից ելոյթ ունեցաւ Կարին Տէր-Մարտիրոսեանը, ով բարի գալուստ մաղթելով ներկաներին, անդրադարձաւ «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի հիմնադրմանը` կարեւորութեամբ նշելով այն հանգամանքը, որ գրադարանի հիմնադրումը համընկնում է Իրանում սահմանադրութեան հաստատման իրադարձութեանը:

Նա իր խօսքի շարունակութեան մէջ հանդիսատեսին ծանօթացնելով խմբավարի կենսագրական գծերին` բոլորին հրաւիրեց ունկնդրելու ձայնասկաւառակից մի քանի համարներ` հեղինակի անզուգական կատարմամբ:

Համիկ Ալեքսանդրեանը շնորհանդէսի շարունակութեան մէջ իր հեղինակային երկրորդ ձայնասկաւառակում տեղ գտած 14 համարներից կատարեց «Գարնանային»-ը, «Վալս»-ը, «Զայանդեռուդ»-ը եւ «Մանկական եռանդ»-ը:

Միջոցառման ընթացքում արտայայտւեց նաեւ հեղինակը: Պրն. Ալեքսանդրեանն սկզբում իր ուրախութիւնը յայտնեց, առ այն, որ ձայնասկաւառակի շնորհանդէսը իրականացւեց «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի հիմնադրման 110-ամեակի նւիրւած միջոցառումների շրջագծում, ապա ակնարկ ունենալով իր ստեղծագործական ներաշխարհին, որից բխել են իր հեղինակային երաժշտութիւնները, բացատրութեամբ հանդէս եկաւ երկու սկաւառակների մասին, նշելով, որ առաջինը` «Թիթեռնիկների պարը» ձայնասկաւառակը նւիրել է իր ծնողներին, իսկ երկրորդը «Ծաղիկների շշունջը»-ն` իր կնոջը: Նա վերջում շնորհակալական խօսք ուղղեց Թեմական խորհրդին եւ կազմակերպիչ յանձնախմբին` շնորհանդէսի իրականացման համար, ինչու չէ նաեւ մի շարք անհատներին, որը վայելել է նրանց համագործակցութիւնը ձայնասկաւառակի հրապարակման գործում:

Ծրագրի շարունակութեան մէջ Թեմական խորհրդի անունից արտայայտւեց նոյն խորհրդի անդամուհի Քառոլին Դիլանչեանը, ով նշելով հայութեան ճանաչման եւ հայ գրականութեան տարածման ուղղութեամբ «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի ունեցած հարուստ աւանդը, անդրադարձաւ ընթերցանութեան կարեւորութեանը եւ պրն. Համիկ Ալեքսանդրեանի համագործակցութիւններին, որն ունեցել է Թեմական խորհրդի հետ: Նա իր խօսքն աւարտեց` երկար տարիներ բեղուն գործունէութիւն մաղթելով յոբելեար գրադարանին ու դաշնակահարին:

Ելոյթների շարանում եզրափկիչ խօքն ասաց թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը, որը միանալով երեկոյի ընթացքում հնչած շնորհաւորանքներին, ակնարկ ունեցաւ սկաւառակի խորագրին եւ ընդգծելով, թէ բնութեան տարբեր մասնիկները եւ այդ շարանում ծաղիկները Աստծոյ հրաշալի ստեղծագործութեան արդիւնքն են, իր ուրախութիւնը յայտնեց, որ Համիկը բնութիւնը միջոց է դարձրել իր երաժշտութեան պատգամը բոլորին փոխանցելու համար: Գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը կրկնակի գնահատանքի խօսք ուղղելով հեղինակին` իր ստեղծագործութիւնները ծնողներին եւ կնոջը նւիրելու կապակցութեամբ, իր ուրախութեան յայտնեց յատկապէս, որ գրադարանի յոբելեանական միջոցառումների մէջ ընդգրկւել է նման արւեստի երեկոյ:

Վերջում մայեստրօ Ալքեսանդրեանը ցանկացողների համար ստորագրեց իր ձայնասկաւառակը:

Երեկոն աւարտւեց հիւրասիրութեամբ:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները թղթակցի եւ Արթին Քեշիշեանի